Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեջլիսում այսօր ելույթում ասել է, որ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Բրյուսելից կմեկնի Ադրբեջան:
«Բրյուսելյան ծրագրից հետո մտադիր եմ հյուր գնալ Բաքու՝ նախագահ Իլհամ Ալիեւի մոտ, այնտեղից մենք կմեկնենք ազատագրված ադբեջանական քաղաքներից մեկը՝ Շուշի, որտեղ մի շարք հանդիպումներ եւ միջոցառումներ կանցկացնենք»,- այսօր ասել է նա:
Էրդողանը հույս է հայտնել, թե Բաքվում կկարողանա Ալիեւի հետ դիտել Եվրո-2020 ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մեկը, որին մասնակցում է նաեւ Թուրքիայի թիմը:
«Հուսով եմ, որ մեր հավաքականը հաղթանակած կվերադառնա Հռոմից, որտեղ հունիսի 11-ին տեղի կունենա առաջին խաղը, իսկ երկրորդ խաղը մենք կդիտենք Ադրբեջանում. ահա այդպիսի ծրագիր ենք կազմել մեր եղբայր Իլհամի հետ»,- ասել է Էրդողանը:
Խոսելով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին՝ նա ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքից ակնկալում է տարածաշրջանային տարբեր վտանգներից պաշտպանվելու գործում հարգանք Թուրքիայի օրինական շահերի նկատմամբ: