Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտնել է, որ կառավարությունը կվերանայի «Նամախվանիի» հիդրոէլեկտրակայանը կառուցելու պայմանագիրը:
«Դուք գիտեք, որ ես ժառանգել եմ այդ հարցը եւ ակտիվորեն աշխատում եմ: Կարող եմ հայտնել, որ մենք չենք շարունակի ծրագիրն այն տեսքով, որով ստացել ենք, հիմա բանակցում ենք ներդրողի հետ, և ես հուսով եմ, որ նրան կհամոզենք ավելի բարելավել ծրագիրը, որ համապատասխանի մեր երկրի շահերին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարության հետ կնքված պայմանագրով Ռիոնիի կիրճում Enka Riniebels Ltd թուրքական ընկերության սեփականությունն է դարձել 322 հա տարածք, եւ 283 հա հողատարածք տրվել է 99 տարի օգտագործման ժամկետով (ընդհանուր՝ 605 հա): Նշված հողատարածքների օգտագործման համար ընկերությունը պետությանը պետք է վճարի տարեկան ընդամենը 16 լարի (մոտ 4,5 ԱՄՆ դոլար) կամ 99 տարում՝ մոտ 445 ԱՄՆ դոլար:
Բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները դեմ են հիդրոէլեկտրակայանի շինարարությանը: Նրանք ահազանգում են, որ Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը կարող է իսկական աղետի վերածվել:
Զգուշացումներին հակառակ՝ 2020-ի մարտին Վրաստանի բնապահպանության նախարարությունը ՀԷԿ-ի կառուցման համար ընկերությանը դրական եզրակացություն էր տվել:
Շինարարութունը պետք է սկսվեր դեռ 2009-ին, սակայն բազմիցս հետաձգվել է բնակիչների բողոքի ակցիաների պատճառով:
Վրաստանում Ռիոնիի կիրճի շրջանում ապրող մարդիկ դեմ են հիդրոէլեկտրակայանի՝ անցյալ տարվա նոյեմբերին մեկնարկած շինարարությանը: Բնակիչները բողոքի երթեր են անցկացրել մայրաքաղաք Թբիլիսիում: