ՌԴ-ում արգելվել է Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած կազմակերպությունների՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի եւ ընդդիմադիր գործչի շտաբների ցանցի գործունեությունը: Դրանց ակտիվները պարտատերերի հետ հաշիվները փակելուց հետո կփոխանցվեն ՌԴ-ի բյուջե։
Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ այս կառույցները ծայրահեղական են ճանաչվել։ Դատարանի վճիռն ուժի մեջ է մտել անմիջապես։
Ըստ վճռի՝ այդ կազմակերպությունների եւ դրանց տարածաշրջանային գրասենյակների հետ կապված անձինք չեն կարող պետական պաշտոններ ստանալ, մինչդեռ Նավալնիի շատ գործընկերներ մտադիր էին մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Փաստաբանները լքել են նիստերի դահլիճը՝ չսպասելով դատավճռին: Նրանք դատարանին կողմնակալ են անվանել եւ խոստացել բողոքարկել վճիռը:
Ալեքսեյ Նավալնին հունվարից անազատության մեջ է խարդախության մեղադրանքով: Ապրիլին Մոսկվայի դատախազ Դենիս Պոպովը դատական հայց էր ներկայացրել Նավալնիի ստեղծած կազմակերպությունները ծայրահեղական ճանաչելու համար։ Նա պնդել է, որ ՌԴ-ում որպես օտարերկրյա գործակալ գրանցված այդ կառույցները ապակայունացնում են սոցիալական եւ հասարակական-քաղաքական իրավիճակը: