Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանել Երեւանի Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 եւ 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածքի հասցեները։
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչեւ Սախարովի հրապարակ ընկած («Դոլմամայի» շենքերի) տարածքը գերակա շահ ճանաչելու որոշման մասին է:
Քաղաքապետարանին առաջարկվել է այդ հատվածում քաղաքաշինական նոր նախագիծ կազմել:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ օրենքով սահմանված է՝ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում։
Ըստ պաշտոնյայի՝ 2013-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը տեղի չի ունեցել, եւ գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել, իսկ չիրականացնելը նշանակում է գերակայության բացակայություն, ինչը հանրության գերակա շահ ճանաչելու համար կարեւորագույն պայմանն է եւ օրենքի խստագույն պահանջը:
«Ընդհանուր առմամբ մի քանի շենքեր ճանաչվել են նաեւ մշակութային արժեք ներկայացնող: Փաստացի կարելի է ասել, որ այս գործընթացում քաղաքաշինական մեծ առաջընթաց չի եղել: Եվ նաեւ, հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է ընդունվել տվյալ հասցեները հանել Կառավարության 2013 թվականի որոշումից»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը: