Ըստ Չինաստանի առեւտրի նախարարության՝ ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրի նախարարներ Ջինա Ռայմոնդոն եւ Վան Վենտյաոն, կարեւորելով առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ երկու երկրների միջեւ երկխոսությունը, արտահայտվել են այդ ասպարեզում տարաձայնությունները հաղթահարելու օգտին:
Կողմերը պայմանավորվել են նպաստել առեւտրի եւ ներդրումների ոլորտում պրագմատիկ համագործակցության առողջ զարգացմանը:
Զրույցի նպատակը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առետրի բնագավառի եւ փոխադարձ մտահոգությունների շուրջ անկեղծ կարծիքների փոխանակումն է:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքային շփումները:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական հարաբերությունները զգալիորեն վատացել էին Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին, երբ բարձր սակագներ էին սահմանվել մի շարք չինական ապրանքների վրա: Դրան ի պատասխան՝ Պեկինը նույնպես բարձր սակագներ էր սահմանել ամերիկյան արտադրանքի վրա: