Տարածաշրջանային այցով Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 9-ին եւ 10-ին Երևանում հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդելու գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
Դեսպանությունը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 9-ին եւ 10-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի եւ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում եւս մեկ անգամ ընդգծել է այս ուղերձը։
«Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը գովեստով արտահայտվեց կարեւորագույն բարեփոխումներում, այդ թվում արդարադատության ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացի վերաբերյալ եւ խրախուսեց, հայ ժողովրդի հավակնություններին համահունչ, անշեղորեն շարունակել բարեփոխումները ու պայքարը կոռուպցիայի դեմ։ Նա շեշտեց ընտրություններում հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքն ապահովելու եւ Հայաստանի 2018 թվականի ընտրական նշաձողը պահպանելու կամ գերազանցելու կարեւորությունը»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է իր մասնակցությունն ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում եւ շարունակելու պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը։
ԱՄՆ դեսպանությունը նշել է նաեւ, որ Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկապսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Ուրախ է երկկողմ հարաբերությունները քննարկելու համար
Ըստ ՀՀ Կառավարության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ ուրախ է Երեւանում լինելու եւ հայ գործընկերների հետ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները եւ վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման, Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում աջակցման պատրաստակամությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարեւորությունը եւ լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի եւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:
Երեւան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար
Ըստ ՀՀ արդարատության նախարարության՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությունը օրենքի գերակայության ամրապնդման հարցում եւ նշել, որ Երեւան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար, որոնք առաջացել են՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու Հայաստանի համար ողբերգական իրադարձություններով։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը պահպանելուն ու ընդլայնելուն ուղղված երկու երկրների կառավարությունների հանձնառությունը։
Հատուկ անդրադարձ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ռազմագերիների վերադարձին եւ սահմանային իրավիճակին
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՀՀ ԱԳ նախարարությունում է:
Հանդիպմանը ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է արվել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետեւանքով ստեղծված իրավիճակին:
Երկուստեք վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարեւորվել են առաջացած մարդասիրական հարցերի հասցեագրումը եւ Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:
Ամերիկյան կողմն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։
Մտքեր են փոխանակվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձեւաչափում իրականացվող հետագա աշխատանքները:
ՀՀ ԱԳՆ-ն չի նշել՝ ում հետ է հանդիպել ամերիկացի պաշտոնյան, եւ լուսանկար չի հրապարակել։ Փոխարենը լուսանկարներ հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: