Չինաստանի կառավարության պաշտոնական People’s Daily պարբերականը Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման հավանականության մասին ԱՄՆ կառավարության վերջերս արած հայտարարությունները զավեշտալի եւ «դավադրության տեսություն» է որակել:
«Կորոնավիրուսի տարածման աղբյուրը գտնելու համար ԱՄՆ իրականացվող հետաքննությունների մասին հայտարարությունները քաղաքական քարոզչություն են, որ կատարվում են հետաքննություններ անցկացնելու պատրվակով եւ չեն տարբերվում այս հիվանդության տարածման սկզբնական շրջանում կատարված հայտարարություններից»,- մասնավորապես ասված է պարբերականում:
Ավելի վաղ ամերիկյան գործակալություններից մեկը հայտարարել էր, թե ԱՄՆ կառավարության հետ առնչվող լաբորատորիաներից մեկը հանգել է այն եզրակացության, որ Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի տարբերակը խիստ հավանական է, ուստի այնտեղ անհրաժեշտ է ավելի լայնածավալ եւ մանրազնին հետաքննություն անցկացնել:
Պաշտոնական Պեկինը կորոնավիրուսի տարածման մասին ԱՄՆ-ի ձեռնարկած վերջին քայլերը համարում է Չինաստանի վրա ճնշում գործադրելու ջանքեր: