Ըստ ամերիկյան Associated Press գործակալության՝ Ալբանիայի խորհրդարանը 104 կողմ, 7 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով հունիսի 9-ին երկրի նախագահ Իլիր Մետային Սահմանադրությունը խախտելու համար իմփիչմենթ է հայտարարել եւ հեռացրել զբաղեցրած պաշտոնից:
Ալբանիայի նախագահի պաշտոնանկության մասին որոշմանը առաջիկա երեք ամսվա ընթացքում դեռ պետք է հավանություն տա Ալբանիայի Սահմանադրական դատարանը:
Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանական հետաքննությունը հայտնաբերել է, որ նախագահ Մետան խախտել է Սահմանադրությունը այս ապրիլին՝ խորհրդարանական ընտրարշավի ժամանակ իշխող Սոցիալիստական կուսակցության նկատմամբ ցուցաբերած կանխակալ մոտեցմամբ:
Ապրիլի վերջին մի խումբ սոցիալիստ խորհրդարանականներ հետաքննություն են պահանջել երկրի նախագահի նկատմամբ, որը շատ տարիներ առաջ լքել է այդ կուսակցությունը:
Խորհրդարանականները Մետային մեղադրել են երկրում անկայունություն եւ բռնություն հրահրելու, ինչպես նաեւ ընդդիմության հետ մերձենալու մեջ:
Մետան իմփիչմենթի գործընթացն անօրինական է համարել: Ալբանիայում նախագահը կատարում է գլխավորապես արարողակարգային գործառույթներ, բայց միեւնույն ժամանակ դատական իշխանությունում եւ ռազմական ոլորտում օժտված է առանձին լիազորություններով: