Հայաստանում հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Ընտրություններին մասնակցում են երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր: Այդ ուժերը ներկայացնող դեմքերի հանդիպումներն ընտրողների ու համայնքների ներկայացուցիչների հետ, հեռուստաբանավեճերում, ասուլիսներում կամ հարցազրույցներում նրանց արտահայտած դատողությունները կամ ներկայացրած փաստերը, այդ փաստերի կամ դատողությունների մատուցման ձեւն ու բնույթն անգամ կարող են վճռորոշ դառնալ հատկապես այն ընտրողի համար, որը դեռեւս չի հասցրել կողմնորոշվել՝ քաղաքական որ ուժին ու ծրագրին տալ նախապատվությունը։
Որոշ դեպքերում համոզիչ եւ շիտակ խոսքն ու այն արտահայտողի անհատականությունն ընդունակ են մեկ ժամում ստիպել վերանայել տասնամյակներ շարունակ միջին վիճակագրական քաղաքացու վզին փաթաթված կարծրատիպերը՝ պատերազմի ու խաղաղության, բարեկամների ու թշնամիների, թացի ու չորի թեմայով։
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը
Երեկ հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ, լեփ-լեցուն դահլիճում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը չի կորցրել Հայ ազգային կոնգրեսի կարգախոսի հիմնական ուղերձը`լրջանալու պահը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց` 1997-ին կորցրել էինք այդ պահը, հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնել։ Ըստ Տեր-Պետրոսյանի` եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ ծանր բաներ են սպասում։
Հայաստանի կարծիքը այլեւս ոչ ոք չի հարցնում
Խոսելով Արցախյան վերջին պատերազմի հետեւանքների մասին՝ առաջին նախագահը շեշտեց.
«Մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, ավելի վատ բան է տեղի ունեցել. եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլեւս խաղացող չենք այս խաղում»:
Սկսվելու էր քաղաքացիական պատերազմ
ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ նաեւ լրագրողի այն դիտարկմանը, թե 1990-ականների հաղթանակը նա չկարողացավ ամրագրել: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքն այդ հաղթանակներն ամրագրված փոխանցել է հաջորդ իշխանություններին:
«Հաղթանակը ես ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին, իսկ դրա մասին ես շատ երկար եմ խոսել, վերջին անգամ իմ ասուլիսներում, հրապարակումներում: Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել, ոչ մի դեպքում, ես չեմ չափազանցնում, եթե ես փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ: Ես դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,- նշեց առաջին նախագահը:
1997-ին ավելի էր հակված զիջման, քան վերջին 23 տարում
Հարցին, թե այն ժամանակ Ադրբեջանը պատրա՞ստ էր ստորագրելու, եթե չլիներ ներքին խնդիրը, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան այս ամբողջ 23 տարիների ընթացքում:
«․․․Ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»
Առաջին նախագահը ասուլիսում մանրամասներ ներկայացրեց 2018-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից:
Նախագահը պատմեց, որ հանդիպմանը Փաշինյանին խորհուրդ է տվել. առաջին գործը, որ պետք է լինի՝ փաստաթղթով արձանագրել Սերժ Սարգսյանից Ղարաբաղի հարցում ստացած ժառանգությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին հորդորեց հարցնել Փաշինյանին, որ ցույց տա իրենց միջեւ տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը:
«Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա, սա մեկ, երկրորդ՝ ես գնացել եմ նրան մեկ բան ասելու, եթե հետեւել եք իմ հրապարակումներին, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը, անկախ այն բանից՝ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, թե Նիկոլ Փաշինյանի»,- ընդգծեց առաջին նախագահը:
«Ինձ միշտ մտահոգել է Արցախի հարցը՝ անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանի օրոք է, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել եմ հետեւյալը՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից: Առաջարկել եմ ԱԳ նախարարին նամակ գրել, որպեսզի վերջինս ներկայացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը 2018-ի ապրիլի 18-ի դրությամբ: Ասել եմ՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը: Այլ խոսակցություն չի եղել»,- պատմեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Իրենց ուժերով են դեմք դարձել
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Նիկոլ Փաշինյանին ինքն է ասպարեզ բերել։ «Ի՞նչ է նշանակում` իմ շնորհիվ։ Ես ո՛չ իրենց ծնողն եմ, ո՛չ էլ իրենց ծնողական ժողովի նախագահը։ Նրանք իրենց ուժերով դարձել են նման դեմքեր։ Ես չեմ ծնել ոչ մեկին»,- ասաց առաջին նախագահը։
ՌԴ-ՀՀ միջանցքը՝ կենսական երակ Հայաստանի համար
Լրագրողներից մեկը, անդրադառնալով ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում եղած դրույթին, փորձեց պարզել՝ Հայ ազգային կոնգրեսը ինչ միջանցքի բացման մասին է խոսում։
«Մյուսները, միջանցք ասելով, հավակնում են Ադրբեջան-Նախիջեւան միջանցքի, սա բոլորովին այլ հարց է, իսկ մենք միայն ՌԴ-ի հետ միջանցքի մասին ենք խոսում։ Հայաստանը Ռուսաստանի հետ չունենա՞ մի ապահով ճանապարհ, դրանից ավելի կարեւոր բան կա՞»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա նշեց, թե գիտենք` Վրաստանի ճանապարհներն ինչ վիճակում են, իսկ Ադրբեջանի ճանապարհները մեզ համար փակ են։ Այս դեպքում, եթե Ռուսաստանի հետ միջանցք ունենա Հայաստանը, այն կենսական երակ կդառնա Հայաստանի համար։
Հայաստանի հարեւանների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Վրաստանը եւ Իրանը Հայաստանի բարեկամ երկրներն են: Վրաստանի հետ պատերազմել ենք միայն մի անգամ՝ 1920-ին, երբ Հայաստանը վերադարձրեց Լոռին, իսկ Իրանի հետ՝ 8-րդ դարում: Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ Վրաստանի եւ Իրանի հետ մեր բարեկամությունը ստրատեգիական է:
Սահմանազատումը պարտադիր գործընթաց է
«Սահմանագծումը պարտադիր պայման է, ավելին՝ գուցե մի փոքր ուշացել ենք այս հարցում, եւ պետք է ավելի շուտ անեինք դա»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը`անդրադառնալով ՌԴ առաջարկին, ըստ որի` պետք է առանձին խումբ ստեղծել, որը կզբաղվի սահմանագծման աշխատանքներով։
«Այստեղ ոչ մի վտանգ գոյություն չունի. սահմանազատումը պարտադիր գործընթաց պետք է լինի»,- ընդգծեց առաջին նախագահը։
Տեխնոկրատներից կազմված հակաճգնաժամային կառավարություն
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ խորհրդարան անցնելու դեպքում Հայ ազգային կոնգրեսն ամեն ինչ անելու է, որ քաղաքական դեմքերից ոչ մեկը չլինի վարչապետ:
«Եթե անցնենք խորհրդարան, ամեն ինչ անելու ենք, գուցե նաեւ ուրիշ ֆրակցիաներ միանան, որպեսզի քաղաքական դեմքերից ոչ մեկը` ո՛չ Ռոբերտը , ո՛չ Նիկոլը, ո՛չ, չգիտեմ, Ծառուկյանը չլինի վարչապետ: Պետք է գտնվի ճգնաժամային կառավարիչ` տեխնոկրատ: Սա մեզ համար սկզբունք է: Քաղաքական որեւէ դեմքի դրեցիք, Հայաստանը կկործանվի: Չի դադարելու այս փողոցային պայքարը, որը կարող է անցնել զինված պայքարի»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
ԱԳՆ-ն չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն
«ԱԳՆ-ն չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա են անում: Արեցին, տեսան, որ ընկնում են անհարմար վիճակի մեջ, դրա համար հրաժարականների շարան սկսվեց: Երբեք որեւէ արտգործնախարարության չի կարելի մեղադրել: Կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարի հրահանգները սխալ է կատարում կամ չի կատարում»,-անդրադառնալով ԱԳ նախարարի ու նրա տեղակալների հրաժարականներին, ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Միջադեպերը դեռ կշարունակվեն
Անդրադառնալով խորհրդային սահմանների հնարավոր բացասական ազդեցությանն Արցախյան հարցին՝ ՀՀ առաջին նախագահը նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վեճերը, միջադեպերը շարունակվելու են, մինչեւ երկու երկրները հստակ պայմանագիր չստորագրեն:
«Թույլ տալ-չտալը մեզնից կախված չէ: Միջազգային հանրությունը՝ հանձին ՄԱԿ-ի, Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ: Այստեղ ոչինչ չեք կարող փոխել: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն այդ սովետական սահմանն է: Սահմանային վեճերն անընդհատ լինելու են, մինչեւ վերջ ի վերջո Հայաստանն Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի: Դա ամեն օր է լինելու՝ գերիներ, հովիվներ փախցնել եւ այլն: Այդպիսի անկայուն վիճակ է»:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հարցի հետագա լուծումը, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենից ճիշտ չէ ճշգրիտ տեղեկություններ սպասելը. «Պուտինը, Մակրոնը, Բայդենն այսօր խոսում են Նիկոլի հետ: Ես պետք է իմանամ, թե ինչպիսին է գործընկերների մտադրությունը: Նրանք դա ասում են միայն Նիկոլին»:
Ամբողջ աշխարհին էլ ձեռնտու է, որ հաշտություն լինի
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահ է` գալու է մի օր, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու։
«Այո՛, գալու է մի օր, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություն ենք ունենալու, քանի որ դա միայն Հայաստանի շահերից չի բխում. Ռուսաստանին, ամբողջ աշխարհին նույնպես ձեռնտու է, որ հաշտություն լինի»,- ասաց առաջին նախագահը։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը