Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար երկրի քաղաքացի Յավուզ Աթանը 1 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել:
Աթանի դեմ քրեական գործ է հարուցել Թուրքիայի դատախազությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ 56-ամյա քաղաքացին 2020-ին սոցցանցերում Էրդողանի հասցեին վիրավորական 4 գրառում է արել:
Աթանի փաստաբանը դատական նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիայում այժմ հանցանք են համարվում նույնիսկ մարդկանց արտահայտվելը եւ քաղաքական քննադատություն անելը: Նա ընդգծել է, որ դատական համակարգն այլեւս չի կարողանում հանդուրժել նույնիսկ ամենաաննշան քննադատությունը:
Դատարանի որոշմամբ Աթանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է դրամական փոխհատուցմամբ: Քաղաքացին Էրդողանին պետք է վճարի 7.000 թուրքական լիրա (մոտ 424.000 դրամ) բարոյական փոխհատուցում։
Ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ երկրի նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն եւ պատժվում առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։