Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Գեղարքունիքի սահմանային հատվածում տեղի ունեցած փոխհրաձգությանը, հայտարարել է, որ Հայաստանի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի եւ այլ կենսական իրավունքների համար:
Պաշտպանն ընդգծել է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից խիստ հրատապ է դարձնում անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը:
Թաթոյանը շեշտել է՝ միջադեպը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինուժը խաթարում է մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը եւ խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաեւ ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին, զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, նրանց քաշքշելը, խփելը, հայհոյանքը եւ այլն»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանում` Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել:
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների` ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգությունը տեւել է մոտ 3 ժամ: