ՀՀ շրջակա միջավայրի պահպանության նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը Սեւանա լճում հերթական անգամ իրականացրել է ջրի նմուշառումներ եւ հետազոտություններ:
Ըստ կենտրոնի՝ արդյունքները մտահոգիչ են:
Լճի ծաղկման գործընթացը սկսվել է, ինչի հետեւանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:
Մեծ Սեւանում առկա է ավելի մուգ գունավորում, նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձեւով:
Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սեւանի 30 մ խորության շերտում):
Ջրի ջերմաստիճանը Փոքր Սեւանի 60 մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սեւանի 30 մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ Սեւանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: