Archer ընկերությունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ներկայացրել է էկոլոգիապես մաքուր թռչող տաքսիի մոդելը։ Էլեկտրական թռչող սարքը վառելիք չի օգտագործում եւ աշխատանքի ընթացքում միայն վերալիցքավորվելու կարիք ունի։
Նախագծողների կարծիքով տաքսին կարող է մրցակցել հանրային տրանսպորտի հետ։ Թռիչքն ու վայրէջքը կատարվում են ուղղահայաց, ուստի հատուկ ուղիների անհրաժեշտություն չկա, սովորական կայանատեղիները կամ բաց տարածքները լիովին բավարար են։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «թռչող տաքսին» կարող է զարգացնել ժամում 240 կմ արագություն, իսկ մեկ երթուղիով հաղթահարել մինչեւ 100 կմ տարածություն։ Ընկերության ներկայացուցիչների կարծիքով այս փոխադրամիջոցը հարմար կլինի մեգապոլիսների բնակիչների համար, որտեղ ճանապարհային խցանումները բավական ժամանակ են խլում։
Օրինակ՝ Նյու Յորքում Քենեդիի անվան օդանավակայանից մինչեւ Մանհեթեն կարելի է հասնել 7 րոպեում՝ վճարելով սովորական տաքսիի գրեթե նույն ուղեվարձը՝ 50-70 դոլար:
Archer ընկերությունը մտադիր է «թռչող տաքսին» կոմերցիոն շահագործման հանձնել 2024-ից։ Այժմ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային դեպարտամենտում վկայագիր ստանալու գործընթաց է սկսվել։ Մի շարք խոշոր ընկերություններ հետաքրքրված են մոդելով։ Մասնավորապես United Airlines ավիաընկերությունը մտադիր է 200 «թռչող տաքսի» գնել։