Բրիտանիայում այսօր մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Եռօրյա հանդիպման օրակարգի հիմնական հարցերն են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, համաշխարհային տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության ու գլոբալ ջերմացման խնդիրները եւ Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Բրիտանիայում մինչ «Մեծ յոթնյակի» հունիսի 11-ի գագաթնաժողովի մեկնարկը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկու երկրների համագործակցությունն ամրապնդող փաստաթուղթ են ստորագրել, որը նրանք կոչել են Ատլանտյան նոր խարտիա։
Ատլանտյան խարտիան Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի նախկին առաջնորդներ Ֆրանկլին Ռուզվելտն ու Ուինսթոն Չերչիլը ստորագրել են 80 տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Հետագայում փաստաթղթին միացել էին նացիստական Գերմանիայի ռեժիմի դեմ հանդես եկող մի շարք երկրներ։
«Մեծ յոթնյակում» են Միացյալ Նահանգները, Կանադան, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան: Գագաթնաժողովին հրավիրվել են նաեւ Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի ու Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները։