Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան եւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ Եվրոպական ու Եվրաատլանտյան ինստիտուտներին Վրաստանի ինտեգրմանը աջակցող համատեղ հռչակագիր են ստորագրել:
Գիտանաս Նաուսեդան մամուլի համատեղ ասուլիսում հայտնել է, որ քննարկել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությունը եւ Լիտվայի օգնությունը Եվրամիությանը ինտեգրվել ձգտող երկրներին՝ նշելով, որ դա Լիտվայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Լիտվայի նախագահը հայտարարել է, որ Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Նա ընդգծել է, որ Լիտվան ողջունում է Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի «Ասոցացման եռյակի» ստեղծումը։
Եվրամիության Արեւելյան գործընկերությունում ընդգրկված վեց երկրից միայն նրանք են Բրյուսելի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը։
Արևելյան գործընկերություն նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ վեց հանրապետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի հետ։
Եվրամիության ստեղծած այս նախագիծը ներկայացվել է 2008-ի մայիսի 26-ին Եվրախորհրդի ընդհանուր հարցերի և արտաքին կապերի խորհրդում: