Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ եւ անվերապահորեն ազատելու հակամարտության ընթացքում եւ դրանից հետո գերեվարված հայ ռազմական եւ քաղաքացիական բոլոր գերիներին եւ հետագայում զերծ մնալու կամայական կալանքներից:
Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւով կոչ է արել անհապաղ եւ անվերապահորեն ազատելու հակամարտության ընթացքում եւ դրանից հետո գերեվարված հայ ռազմական եւ քաղաքացիական բոլոր գերիներին եւ կոչ է անում Ադրբեջանին հետագայում զերծ մնալու կամայական կալանքներից: Հակամարտության կողմերին հորդորում է ամբողջությամբ պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների եւ այլ կալանավորվածների, ինչպես նաեւ զինված հակամարտության ընթացքում զոհված անձանց աճյունների փոխանակում:
Բանաձեւում նշված է, որ հանձնաժողովը ցավում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար եւ համերաշխություն է հայտնում զոհերին եւ նրանց ընտանիքներին։ Ցավում է հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցրել է մարդկային հետագա տառապանքների, մարդկային կորուստների եւ ավերածությունների: Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր հարձակումները եւ հիշեցնում, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը:
Հանձնաժողովը անհրաժեշտ է համարել, որ Ադրբեջանի կառավարությունը տրամադրի զինված հակամարտության համատեքստում գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները եւ տեղեկություններ նրանց առողջության եւ գտնվելու վայրի մասին, ներառյալ տեղեկություններ գերության մեջ մահացածների մասին:
Անհրաժեշտ է համարել նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին համագործակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ եւ կատարի դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկություններ տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի եւ նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին.
«Չեխիայի Հանրապետության կառավարությանը խնդրում ենք Եվրամիության շրջանակում, ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում գործել վերոնշյալ ոգով»,- նշված է բանաձեւում: