Ըստ haqqin.az-ի՝ Բաքվի ռազմական դատարանում այսօր հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը հանդես է եկել վերջին խոսքով:
«Ես Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացի եմ: Մենք հասել էինք Լաչին: Ադրբեջանցի զինվորները փակել էին մեր ճանապարհը: Մոտեցանք նրանց եւ ներկայացանք: Նոյեմբերի 10-ին ինձ եւ Մարալին ձերբակալեցին: Ես պահանջում եմ, որ Մարալը գա դատարան եւ իմ դեմքին նայելով ասի այն, ինչ պատմել է քննության ժամանակ»,- ասել է Վիգեն Էուլջեքջյանը:
Դատական նիստում Էուլջեքջյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, եւ խնդրել է նրան անմեղ ճանաչել:
Դատավճիռը կհրապարակվի հունիսի 14-ին:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Լիբանանի ԱԳՆ-ի հետեւողական աշխատանքի շնորհիվ ադրբեջանցիների կողմից նախորդ տարվա նոյեմբերի 10-ին գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը 4 ամիս անց ազատ է արձակվել եւ մեկնել Լիբանան։
Լիբանանի նախագահ գեներալ Միշել Աունը, Մարալ Նաջարյանին ընդունելով նախագահականում, նշել է, որ ջանքեր են գործադրվում նաեւ Վիգեն Էուլջեքջյանին ազատ արձակելու ուղղությամբ: