Թուրքիայում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության դեսպան Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւի դիվանագիտական գրառումներում մի ուշագրավ դրվագ կա։ Երբ նա Կոստանդնուպոլսում այցելում է Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայացուցչին, վերջինս հարցնում է. «Դուք պարսիկ եք, այդպես չէ՞»: ԱԴՀ դեսպանը ստիպված է լինում բացատրել, որ ինքը ներկայացնում է նորահռչակ Ադրբեջան պետությունը: Անգլիացին մնում է անդրդվելի. «Բայց չէ՞ որ Ադրբեջանը պարսկական նահանգ է»:
Թոփչիբաշեւը Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայացուցչին ներկայացել էր Մուդրոսի զինադադարի հարցով: Այնտեղ սահմանված էր, որ Թուրքիան անգլիական կողմին է զիջում նախկին ցարական Ռուսաստանի Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգների բոլոր երկաթուղագծերը, կայարանները, շարժակազմը եւ կապի միջոցները: Բաքվի ներկայացուցիչը փորձում է համոզել, որ այդ ամենը ոչ թե Թուրքիայի, այլ անկախություն հռչակած Ադրբեջանի սեփականությունն է, բայց ապարդյուն:
Բրիտանացին պնդում է, որ զինադադարի ուժով Թուրքիան պարտադրված է զորքերը հեռացնել Կովկասից, հետեւաբար բոլոր հարցերը կարգավորվում են պատերազմում հաղթողի պայմաններով: Սա վկայություն է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջան պետություն չի ճանաչել: Բայց դա խնդրի մի կողմն է: Կառավարությանը հղած զեկուցագրում Թոփչիբաշեւը, որ, ի դեպ, ռուսական կրթություն էր ստացել եւ թուրքերեն դժվարությամբ էր խոսում, այնքան, որ օսմանյան կառավարության ներկայացուցիչների հետ հաղորդակցվում էր ֆրանսերենով, բարձրացնում է շատ էական մի հարց. Ադրբեջանը չի ճանաչվի եւ ձեռք չի բերի պետական ինքնություն, մինչեւ չձերբազատվի Իրանի հետ քաղաքակրթական-կրոնական ընդհանրությունից:
Ավելի քան հարյուր տարի Ադրբեջանը բոլոր միջոցներով փորձել է հասնել առանձին ինքնության: «Ադրբեջանականություն» եզրույթը քաղաքական շրջանառության մեջ է դրել Հեյդար Ալիեւը Թուրքիայի օրինակով: Սկզբունքը հետեւյալն է՝ քո տանը, էթնիկ խմբի քո շրջանակում դու թուրք ես, թաթ, թալիշ, լեզգի կամ լեռնային հրեա, բայց քաղաքացիությամբ ադրբեջանցի ես:
Պատմաբան Արիֆ Յունոսովը շուրջ քսան տարի առաջ է կանխատեսել, որ Ադրբեջանում իսլամի սուննի ուղղության հետեւորդների աճ կարձանագրվի: Դա պետական քաղաքականություն է: Էթնիկ թուրքերից հետո ազգային երկրորդ ամենամեծ խումբը լեզգիներն են, իսկ նրանք սուննի մահմեդական են: Սուննիզմի պետական հովանավորությունն, այսպիսով, ոչ միայն թուրքական ինքնության ամրապնդման, այլեւ միջէթնիկական համերաշխության նպատակ ունի, թեեւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն էթնիկ թալիշ է եւ իսլամի շիա ուղղության հետեւորդ:
Վիճակագրական ստույգ տվյալներ չկան, բայց որոշ հրապարակումներում խոսվում է, որ Ադրբեջանում իսլամի սուննի եւ շիա ուղղության հետեւորդների թվաքանակը գրեթե հավասար է: Իսկ անկախություն հռչակած Ադրբեջանում սուննիները հավատացյալների ընդամենը քսան տոկոսն էին կազմում: Կրոնական ուծացումն, այսպիսով, փաստ է, Ադրբեջանում հաղթում է թուրքական ինքնությունը:
Թե ինչ կարժենա Ադրբեջանի սուննիացումը, մասնագետները կարող են կանխատեսել: Մի բան ակնհայտ է. հեռանկարում թուրք-ադրբեջանական կոնֆեդերացիան է կամ անգամ Ադրբեջանի սուվերենության կլանումը: Իսկ ավելի մեծ հաշվարկներով առաջիկա հիսուն տարում իրանական Ատրպատականը կանջատվի, եւ կստեղծվի ավելի քան 120-130 միլիոն բնակչությամբ թուրքական պետություն: «Թավրիզ-Բաքի-Անկարա/Բիզ հարա՞, ֆարսլեր հարա՞»՝ Թավրիզի ֆուտբոլային ակումբի ֆանատներն ամեն անգամ սա են վանկարկում երեսուն հազարանոց մարզադաշտում: Թեհրանում կանխատեսե՞լ են նման սցենար:
1995 թվականին Իրանի հեռուստատեսությունից եկել, Շուշիում նկարահանումներ էին անում: Բանակային թերթի խմբագիր էի, ՊԲ-ի քաղբաժնից հանձնարարեցին, որ ուղեկցեմ: Թարգմանիչ կար: Իմ խնդիրն էր հետեւել, որ գաղտնի նկարահանումներ չանեն: Մինչ օպերատորները հարմարեցնում էին սարքավորումները, մի կողմ կանգնած ծխում էի: Հանկարծ լսեցի, որ ռեժիսորն օպերատորին թուրքերեն է հրահանգավորում: Մոտեցա, իմացածս թուրքերենով հետաքրքրվեցի: Պարզվեց՝ ծնունդով Թավրիզից է, իսկ օպերատորը՝ Արդեբիլից, էթնիկ թուրքեր են: Երբ հարցրի, թե ինչ է մտածում «միասնական Ադրբեջանի» մասին, ասաց. «Լավ կլինի, բայց՝ Թավրիզ մայրաքաղաքով»:
Մարդն Իրանի պետական հեռուստատեսության աշխատակից էր, բայց երազում էր տեսնել Թավրիզ մայրաքաղաքով «Մեծ Ադրբեջան»: Այսօր նա հաստատ դեմ չի լինի, որ այդ «Մեծ Ադրբեջանը» միանա Թուրքիային: Սա թուրքական ինքնության հաղթանակն է պարսկականի նկատմամբ: Որովհետեւ Թեհրանում քառասուն տարուց ավելի է՝ բազմազգ եւ բազմամշակույթ երկիրը փորձում են «ցեմենտել» իսլամականությամբ, շիականությամբ:
Այսպես Խորհրդային Միությունում էին կարծում, թե կոմունիստական գաղափարախոսությունը կմիավորի վելիկոռուսներին եւ մալոռուսներին, մերձբալթներին, վրացիներին, հայերին եւ ադրբեջանցիներին, Թուրքեստանի ժողովուրդներին եւ ցեղերին: Ոչինչ չստացվեց: Չի ստացվում նաեւ Իրանում: Եվ կովկասյան հարցերում Թեհրանի երկչոտ կեցվածքի պատճառը ներքին ալեկոծություններից երկյուղն է, թեեւ որոշ իրանագետներ դա վերագրում են արեւելյան դիվանագիտության ավանդույթներին:
Մոլորություն է: Այսօր Իրանի մասնատման վտանգն ավելի առարկայական է, քան երբեւէ եղել է: Հարյուր տարում թուրքական ինքնությունը կայացել է որպես աշխարհաքաղաքական «արագացուցիչ»: Նրանից երկյուղում է Եվրոպան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը: Եվս մեկ-երկու վճռական քայլ, եւ աշխարհում կձեւավորվի նոր՝ զուտ թուրքական ինքնության ուժի բեւեռ:
Զարհուրելի հեռանկար է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։