Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են այն հայ գերիների անունները, որոնց Բաքուն ներկայացրել է որպես դիվերսանտների եւ համապատասխան մեղադրանք է առաջադրել։
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի» Telegram ալիքի՝ 26 հայ քաղաքացու գործերը ուղարկվել են վարույթ եւ քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Ըստ այդմ` քրեական գործեր են հարուցվել Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գեւորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գեւորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադեւոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի եւ Ֆելիքս Գրիգորյանի նկատմամբ:
ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանը չի շտապում վերադարձնել գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, եւ հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորական եւ քաղաքացիական անձ: Ըստ հայաստանյան իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։