Ըստ Չեխիայի բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայության՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի իմփիչմենթի հարցը, որն այս շաբաթ պետք է երկրի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նիստին ներկայացներ Միջազգային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն, չի քննարկվի:
Հարցը ներկայացվել է վերին պալատի Սահմանադրական-իրավական հանձնաժողովին:
Զեմանին նախագահի պաշտոնից ազատելու առաջարկը ներկայացրել է Չեխիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերը:
Ըստ օրենսդրի՝ երկրի նախագահը ապակողմնորոշված է ընթացիկ իրադարձությունների հարցում, եւ նրա գործողությունները հակասում են ազգային սահմանադրության դրույթներին:
Մասնավորապես Ֆիշերը հիշեցրել է Վրբետիցե գյուղում ռազմական պահեստների պայթյունի դեպքը: Միջադեպին ռուսական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը վերագրելուց զատ՝ Զեմանն ապրիլյան իր հայտարարության մեջ նշել էր հետաքննության եւս մի քանի անհիմն համարվող վարկած:
Ըստ Սենատի հանձնաժողովի նախագահի՝ այդ հայտարարությամբ Միլոշ Զեմանը վնաս է հասցրել Չեխիայի ազգային անվտանգության շահերին:
Դիտորդների գնահատմամբ Չեխայի նախագահի պաշտոնանկության հարցը դժվար թե արագ լուծվի, քանի որ խորհրդարանի վերին պալատում մեծամասնություն են կազմում Զեմանի հակառակորդները, ստորին պալատում, որը պետք է վերջնական հաստատի իմփիչմենթի մասին որոշումը, մեծամասնություն են Չեխիայի նախագահի կողմնակիցները: