Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում ասել է, որ ռուսական կողմը ձգտում է հասնելու ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Նա նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:
«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունեն խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնելու ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով»,- ասել է դիվանագետը։
Կոպիրկինը նշել է, որ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։
Դեսպանը շեշտել է, որ հունիսի 8-ին ադրբեջանական ու հայկական կողմերի հետ մշտական շփումներ ունեցող Մուրադովի օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է լուծել մոլորված հայ զինվորականի խնդիրը:
«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է»,- եզրափակել է Կոպիրկինը։