Ավազան գյուղը Գեղարքունիքի Գեղամասար համայնքի մեջ մտնող այն քչաթիվ բնակավայրերից է, որ, չնայած սահմանամերձ լինելուն, այս օրերին զերծ է մարզում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող սահմանային միջադեպերից, սակայն վտանգի գոտում է: Իսկ վտանգի մասին խոսվում է ուղիղ մեկ ամիս, ամեն օր. մայիսի 12-ից «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ ադրբեջանցիները Սյունիքի եւ Գեղարքունիքի մի շարք բնակավայրերում մտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք եւ մինչեւ օրս չեն հեռացել: Նրանք սահմանային միջադեպեր են հրահրում, հայ զինծառայողի են սպանել, վեցին գերեվարել, փորձում են ինժեներական աշխատանքներ կատարել, անասնագողությունները, կրակոցները, վիճաբանությունները սովորական են դարձել Գեղարքունիքի եւ Սյունիքի մի շարք բնակավայրերում:
Ավազան գյուղի դպրոցի տնօրեն Սարգիս Լալայանն ասում է, որ Ավազանն անմիջապես այդ միջադեպերի կենտրոնում չէ, բայց գյուղը զգում է այն լարվածությունը, որ կա համայնքում: «Կարծում եմ՝ բոլորն են զգում այս լարվածությունը, նույնիսկ Երեւանում»,- ասում է մեզ հետ զրույցում եւ շտապում ավելացնել, որ լարվածությունը ոչ մի կերպ չի ազդել դպրոցի աշխատանքների վրա, աշակերտները, ուսուցիչները շարունակել են հաճախել եւ ուսումնական տարվա վերջին աշխատանքներն են ամբողջացնում:
Աննախադեպ իրավիճակի պատճառով գյուղը լքողներ չեն եղել: Ավազանը փոքր գյուղ է, դպրոցն ընդամենը 34 աշակերտ ունի, 60 ընտանիք կա գյուղում, բոլորը՝ Ադրբեջանից տեղահանվածներ: 1921-ին հիմնադրված նախկին Գյոյսու անվանումով գյուղը մինչեւ 1988-ը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Ավազան է անվանվել հայերով բնակեցվելուց հետո՝ 1991-ին: Հիմնականում Շամխորից, Խանլարից, Կիրովաբադից եկած հայեր են, շատ քիչ թվով՝ Շահումյանից: 1997-ից գյուղի դպրոցի տնօրեն Սարգիս Լալայանը Շահումյանից է, Էրքեջում է ծնվել, մեծացել, Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Էրքեջի ջոկատի հրամանատարը:
«Շահումյանում ու շատ ուրիշ տեղերում դեռ մինչեւ 88-ի դեպքերը նրանք հայերի շրջանում չէին կարողանում «թպրտալ», նրանց միշտ մեր «բռի մեջ» էինք պահում, որ խարդախություններ չանեն, ինչին հակված էին: Հիմա զարմանում եմ, որ մեր ժողովրդի մեջ վախ է մտել նրանց հանդեպ: Ադրբեջանցուն վախ չպետք է ցույց տալ: Վիճակը մտահոգիչ է, բոլորս մտահոգվում ենք, բայց վախ ցույց տալն ամենասխալն է: Նա չպետք է զգա, որ այստեղ իրենից վախենում են: Իսկ դրա համար խելքը գլխին իշխանություն պետք է ընտրվի, որ բոլոր հարցերը կամաց-կամաց կարգավորվեն, ժողովուրդն իր ոգին գտնի, ադրբեջանցուն ցույց տա ոչ թե վախ ու խուճապ, այլ միասնականություն»,- ասում է Սարգիս Լալայանը:
Նոր ղեկավարի սպասման հույսը գեղարքունիքցիները փայփայում են նախեւառաջ մարզի սահմանային հատվածից մայիսի 27-ին գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար: «Ոչ մի լուր չկա գերիներից: Չկան բանակցություններ, չկա արդյունք, չգիտենք՝ ինչ է արվում: Ամեն օրը նշանակություն ունի մեր տղաների համար. ինչ վիճակում են այնտեղ, ոչինչ չգիտենք: Հստակ, կոնկրետ բանակցություններ պետք է լինեն, որ այս իշխանությունը չի անում»:
Մեր զրուցակիցն ասում է, որ թե՛ Ավազանում, թե՛ բռնագաղթվածներով բնակեցված մյուս գյուղերում մարդիկ կարծես երկրորդ անգամ են տեսնում եւ զգում նույն բանը՝ մի տարբերությամբ. «Պատերազմ տեսել ենք, բռնագաղթ տեսել ենք, սպանություններ տեսել ենք, բայց որ ադրբեջանցին գա, մտնի, ամրանա մեր հողում եւ երկար ժամանակ այսպիսի լարված վիճակ ստեղծի գյուղերի շուրջը, չէինք տեսել ոչ մի անգամ: Անասուն պահել չի լինում, խոտհարքներ գնալ չի լինում, մարդիկ չգիտեն ինչ անել: Անորոշությունն ամենավատ բանն է»: Ասում է, որ Ավազանի թիկունքում ուղիղ գծով Ադրբեջանի Գետաբեկի շրջանն է, սահմանների անպաշտպան վիճակից բացի՝ անպաշտպան լինելու զգացում ունեն նաեւ գյուղի բնակիչները:
44-օրյա պատերազմի օրերին նույնպես Ավազանում լարվածություն կար, բայց գյուղի դպրոցի տնօրենն ասում է, որ ծանր օրերը հաղթահարելուց հետո ավելի դժվար ու ծանր օրեր են եկել: Պատերազմում պարտության մասին հրամանատարական ուղի անցած Սարգիս Լալայանն իր կարծիքն ունի. «Պատրաստ չէինք: Պատերազմն անակնկալ չպետք է լիներ բանակի համար: Բանակն անակնկալի առջեւ կանգնեց: Ամեն մի քայլը պետք է նախօրոք հաշվարկված լիներ: Չգիտեմ՝ ինչ կլինի, բայց այսօր նույնպես պատրաստ չենք: Մեր բանակի ոգին կոտրել են, ավելի են կոտրում: Չի կարելի բանակը այդպես թուլացնել, մենք ոչ ոքի թույլ չենք տալիս բանակի մասին վատ խոսել: Բանակը պետք է վերականգնել: Նոր ղեկավարության առաջին քայլը սա պետք է լինի»:
Ամեն տարի հունիսյան այս օրերին էրքեջցիները հիշում են Շահումյանի անկումն ու հայ բնակչության բռնագաղթը (1992, հունիս): Նրանք մինչեւ 2021-ն ամեն տարի հին Էրքեջի կորստից հետո նշում էին Արցախի Նոր Էրքեջի հիմնումը եւ ոգեկոչում Շահումյանի մարտերում ընկածների հիշատակը: 2020 թվականի պատերազմի ժամանակ Նոր Էրքեջը նույնպես հայաթափվել եւ անցել է Ադրբեջանի հսկողության տակ: Իրենց պատմական բնօրրանը կորցրած հին էրքեջցիներն այս տարի առանձնակի հուզումով են հիշում հունիսի 12-15-ը: Սարգիս Լալայանն անցնող տարիներին ոչ մի անգամ հոգով եւ մտքով չի հեռացել Էրքեջից, ամեն ինչ գիտի ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող հայրենի գյուղի մասին, ճշտել է՝ ադրբեջանցիները Էրքեջը գրեթե չեն բնակեցրել, ընդամենը մի քանի ադրբեջանցի ընտանիք է ապրում: «Վախենում են: Մի քանի անգամ մենք գրավել ենք Էրքեջը, եւ նրանք հաստատ վախ ունեն, որ հայերը դեռ կարող են գրավել այն»:
Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը 15 հայ գերի է վերադարձրել Հայաստանին: Նրանց մեջ են նաեւ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանից գերեվարված վեց զինծառայողներից չորսը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։