Ըստ Ալիք Մեդիա Վրաստանի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների, եւ Վրաստանի տարածքով վերջիններս կվերադառնան ընտանիքներ:
Վրաստանի վարչապետի ակտիվ ներգրավմամբ հնարավոր է դարձել նաեւ հայկական կողմից ականապատ տարածքների վերաբերյալ կարեւոր նյութերի հանձնում ադրբեջանական կողմին: Վրաստանի վարչապետն անձամբ մշտական կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Հատկանշական է, որ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ակտիվությամբ եւ գործընթացներում Վրաստանի զգալի մասնակցությամբ, հատուկ քայլեր են ձեռնարկվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս փաստը էական խթան կհաղորդի Վրաստանի անմիջական հարեւանների միջեւ լարվածության էլ ավելի նվազեցմանը»,- նշված է Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետը ողջունել է հարեւան երկրների այս որոշումները, որոնք պետք է հիմքեր ստեղծեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:
«Ի սկզբանե Վրաստանը ակտիվորեն համագործակցել էր ամերիկացի գործընկերների, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ` հարցին դրական լուծում տալու համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի ստեղծմանը: Վրաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` նպաստելու տարածաշրջանային համագործակցությունը խթանելու միջազգային հանրության ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի կառավարությունն ընդգծել է, որ սա կարեւոր օրինակ եւ քայլ կդառնա հարեւանների միջեւ բարդ խնդիրների լուծման գործում: Վրաստանը պատրաստ է ապագայում, անհրաժեշտության դեպքում, աջակցել իր գործընկերներին եւ ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում: