Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը:
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի որոշումը՝ Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից»,- նշված է հայտարարության մեջ։
Բլինքենը ընդգծել է, որ ԱՄՆ-ն երախտապարտ է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, «որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են»։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցելու այս քայլերին եւ հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։
Միացյալ Նահանգները կրկին հորդորել է վերադարձնել բոլոր գերեվարվածներին եւ հայտնել է, որ պատրաստ է աջակցելու տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում եւ լուծելու նրանց միջեւ առկա չլուծված խնդիրները։
«Մենք նաեւ շարունակում ենք հորդորել Հայաստանին եւ Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Քայլին քայլով ենք պատասխանել
ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանը հայտնել է, թե ինչ հանգամանքներում և ինչ պայմաններով է տեղի ունեցել ռազմագերիների վերադարձը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Փաշինյանի հետ հանդիպմանը նրան տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանձնարարությամբ «ինքն ունի առաքելություն այս օրերի ընթացքում ինչ-որ ճեղքում ապահովելու գերիների վերադարձի հարցում, եւ եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվելու գործին»։
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ իր համաձայնությամբ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, վրացական կառավարության անդամների, ԵՄ գործընկերների շնորհիվ 15 գերեվարվածները վերադարձել են Հայաստան՝ Ադրբեջանից Կարմիր կամրջով մտնելով Վրաստան, այնուհետեւ Բագրատաշենով՝ Հայաստան։
Ըստ վարչապետի ժ/պ-ի՝ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզներ է հանձնել։ «Ուզում եմ ասել, որ մենք քարտեզները ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել, եւ խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի թիկունքում»,- հավելել է նա։
Հայաստանը շնորհակալ է
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիների հայրենիք վերադարձի համար Հայաստանը շնորհակալ է Վրաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին, ԵԽ-ին:
Նա ընդգծել է, որ գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։
«ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը»,- նշված է հայտարարութւան մեջ։
ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար։