Եվրամիությունը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների փոխադարձ քայլերը` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ի հայտ եկած մարդասիրական խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի զուգահեռ մարդասիրական ժեստերը` ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը»,- Թվիթերում գրել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ընդգծելով, որ դա առաջին քայլն է կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու ուղղությամբ:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ Բրյուսելը նպաստել է այս գործընթացին եւ կշարունակի աջակցություն առաջարկել՝ առաջընթացի հասնելու համար:
Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ վրաց-ադրբեջանական սահմանին շաբաթ օրը Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, փոխարենը ստացել Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզներ:
15 հայ ռազմագերիների վերադարձը եւ ականապատման քարտեզների տրամադրումը ողջունել է նաեւ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Երկար սպասված ու հիանալի նորություն։ Ողջունում ենք կողմերի նման քայլերը»,- Տելեգրամում գրել է Զախարովան։