Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին եւ Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ին մեղադրանք է առաջադրվել 147 ընտրողի 9 միլիոն դրամ ընտրակաշառք տալու փորձի համար:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ապացույցներով հիմնավորվել է Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի՝ դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մի շարք ընտրողների կաշառք տալու փորձը:
Խլղաթյանին եւ Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացումը խոչընդոտելը)։ Նրանք կալանավորվել են։
ՀՔԾ-ն հայտնել է, որ ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված եւ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների եւ ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:
Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափությունը դատական կարգով բողոքարկելու համար դատապաշտպանները բողոք են ներկայացրել դատարան։