Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանում որոշ ուժեր ու գործիչներ հակառուսական եւ նույնիսկ բացահայտ ռուսատյաց դիրքերից են հանդես գալիս: Դեսպանը շեշտել է, որ նման դիրքորոշումը չի բխում Հայաստանի իրական շահերից եւ ծառայում է օտարերկրյա շահերին։
«Հասկանում ենք, որ կա կարծիքների բազմազանություն, բայց փորձ է արվում ամեն ինչում մեղադրելու Ռուսաստանին՝ այն երկրին, որը եղել եւ մնում է Հայաստանի ու նրա ժողովրդի կողքին այս դժվարին ժամանակաշրջանում։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի բանի վրա. անկախ հռետորաբանությունից՝ նպատակը մեկն է՝ ճեղք ստեղծել եւ հարված հասցնել ռուս-հայկական հարաբերություններին»,- նշել է Կոպիրկինը։
Դիվանագետը ընդգծել է, որ նման փորձերը չեն կարող անդառնալի վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների բարեկամության եւ փոխգործակցության ավանդույթներն ու հիմքերը քանդելը հեշտ չէ:
Կոպիրկինը հավելել է, որ իրենք միշտ պատրաստ են Ռուսաստանի մասին տարբեր, նաեւ քննադատական գնահատականներ լսելու: