Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ գիտի, թե Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինից ինչ սպասել առաջիկա հանդիպմանը:
Բայդենը Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո Մեծ Բրիտանիայից ուղեւորվել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Իսկ հունիսի 16-ին Ժնեւում տեղի կունենա Բայդեն-Պուտին հանդիպումը:
Մեծ Բրիտանիայից Բրյուսել ճանապարհին ինքնաթիռում տեղի ունեցած ճեպազրույցում Փսաքին ընդգծել է, որ Բայդենը ստույգ գիտի, թե ինչ սպասել այդ հանդիպումից: Ըստ նրա՝ Բայդենը համարում է, որ դա վստահության եւ բարեկամության հանդիպում չէ, այլ շփման եզրեր գտնելու փնտրտուք: ԱՄՆ նախագահը կարեւորում է խնդրահարույց ոլորտներում երկուստեք անկեղծ եւ ճշգրիտ լինելը:
ԱՄՆ առաջին դեմքերը գագաթնաժողովի նախաշեմին քանիցս կրկնել են, որ իրենց նպատակը ՌԴ-ի հետ կանխատեսելի հարաբերություն հաստատելն է:
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հայտարարել է, թե իր ամուսինը հիանալի պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը:
Փսաքին, արձագանքելով այդ խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը Պուտինի հետ ավելի վաղ աշխատել է եւ նրա հետ շփման բազմամյա փորձ ունի:
«Նա այդ հանդիպմանը պատրաստվել է 50 տարի»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: