ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում հայտարարել է, թե Եվրոպան պիտի իմանա, որ Միացյալ Նահանգներն իր կողքին է:
Բայդենը դարձյալ ընդգծել է, որ իր վարչակազմը մտադիր է վերանայել Դոնալդ Թրամփի պասիվ վարքագիծը արտաքին քաղաքականության ու դիվանագիտության ոլորտում՝ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի սրբազան պարտքն է հավատարիմ մնալ հավաքական պաշտպանության հինգերորդ հոդվածին։
«Ես շարունակ հիշեցնում եմ ամերիկացիներին, որ երբ Ամերիկան առաջին անգամ հարձակման ենթարկվեց, ՆԱՏՕ-ն շտապեց օգնության՝ հարգելով այդ հոդվածը։ Եվ ուզում եմ, որ ամբողջ Եվրոպան իմանա՝ Միացյալ Նահանգներն իր կողքին է»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Ջո Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի հարթակներում պաշտոնակիցների հետ կքննարկի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, կիբեռանվտանգությունը, կլիմայի փոփոխության խնդիրները եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը:
Գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ կքննարկի կիբերանվտանգության բնագավառի ռազմավարությունը եւ դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը վերջին անգամ մշակվել է 2010-ին:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ իր հերթին, խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի մասին, հայտարարել է, որ գագաթնաժողովում Վրաստանի եւ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու որեւէ ամսաթիվ եւ հնարավոր որեւէ ժամկետ չեն նշվի:
«Մենք կվերահաստատենք Բուխարեստի գագաթնաժողովի՝ 2008-ի ապրիլին ընդունած որոշումը Վրաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ՝ այն մասին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նրանց համար, եւ Ռուսաստանը որեւէ ազդեցություն չունի այդ գործընթացի վրա։ Ժամկետներ չենք նշել այն ժամանակ, չենք նշի նաեւ հիմա»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։