Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանձնազրույց են ունեցել Բրյուսելում: Հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան ուզում է առաջ շարժվել Թուրքիայի հետ դեպի հարգալից ու պարտավորեցնող հարաբերություններ։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկարատեւ առանձնազրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ՝ հասնելու համար հստակ, հարգալից ու պարտավորեցնող հարաբերությունների»,- գրել է Մակրոնը թվիթերյան գրառման մեջ։
Ելիսեյան պալատը հաղորդել է, որ երկու նախագահները քննարկել են ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում։
Ավելի վաղ Մակրոնը ասել էր, որ անդրադառնալու է նաեւ ղարաբաղյան խնդրին, թեեւ դրա մասին պաշտոնական աղբյուրները չեն նշել։
Մակրոնը եւ Էրդողանը առաջին անգամ են դեմ առ դեմ հանդիպել ամիսներ շարունակ փոխադարձ մեղադրանքներ ու քննադատություն հնչեցնելուց հետո:
Փարիզը Անկարային մեղադրում է Սիրիայում, Լիբիայում եւ Ղարաբաղում ապակառուցողական դիրքորոշում որդեգրելու, ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները շրջանցելու մեջ, Էրդողանը Մակրոնին քննադատել է մահմեդականների հանդեպ «անընդունելի» վարքագծի համար՝ խորհուրդ տալով նրան հոգեբանի դիմել։