ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում իրենց հանդիպումից:
Բայդենը կառուցողական է որակել Էրդողանի հետ հանդիպումը:
«Մենք դրական եւ արդյունավետ հանդիպում ենք անցկացրել: Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն: Մեր թիմերը կշարունակեն քննարկումները: Վստահ եմ, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները միասին իրական առաջընթացի կհասնեն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը շատ «կառուցողական եւ արդյունավետ» է եղել։
«Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում անլուծելի որեւէ խնդիր չկա։ Առաջիկայում մեր համագործակցությունն ավելի կընդլայնվի։ Բայդենի հետ հանդիպումը մեր հարաբերությունների շարունակականության տեսանկյունից դրական էր։ Ես նրան հրավիրեցի Թուրքիա, նա էլ չբացառեց այցը»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանն անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի եւ ամերիկյան F-35 կործանիչների թեմային։
Հայոց ցեղասպանության թեմայով Բայդենի հետ քննարկման մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Էրդողանը պնդել է, որ դա ընդհանրապես օրակարգում չի եղել։ Մինչդեռ երեկ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելիս, Էրդողանը հայտարարել էր․ «Ապրիլի 24-ը մեզ համար, ցավոք, շատ ցավոտ գործընթաց է։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի: Թուրքիան շարքային երկիր չէ, դաշնակից պետություն է»։
Բրյուսելից Էրդողանը մեկնել է Բաքու: Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանն այցելելու է Արցախյան վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի, այնուհետեւ՝ Շուշի, որտեղ նրան կդիմավորի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: