Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հայտարարել է, որ լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլքեջյանի դատավճիռը ստանալուց հետո Եվրոպական դատարանը կքննի այս դատավարության մանրամասները, եւ հավանական է, որ կարձանագրի Ադրբեջանի թույլ տված խախտումները։
«Մենք համոզված ենք, որ նրա իրավունքները Ադրբեջանը խախտում է, այդ թվում դատապարտելու միջոցով։ Ուրեմն Ադրբեջանը պարտավորված կլինի այդ վճռի ուժով ազատ արձակել նրեն»,- նշել է նա։
Դրմեյանը նշել է, որ Եվրադատարանում գործի քննությունը երկար կտեւի, գուցե տարիներ, բայց երբ արձանագրվեն այդ խախտումները, եւ որոշում ընդունվի, եւ եթե մինչ այդ Էուլջեքյանը Հայաստանին արտահանձնված չլինի, ապա ազատ կարձակվի:
Վիգեն Էուլջեքյանի եւ մյուս ռազմագերիների դատավարությունն անցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Նրանք զրկված են իրենց ընտրած փաստաբանն ունենալու իրավունքից, ապացույցները հավաքվել են խախտումներով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վիգեն Էուլջեքյանի դեմ ցուցմունք է տվել նրա հետ գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որը մի քանի ամիս առաջ վերադարձավ Բեյրութ։
Դրմեյանը շեշտել է, որ գերեվարված, ադրբեջանական բանտում պահված կնոջ ցուցմունքները չեն կարող որեւէ մեղադրանքի հիմքում դրվել։ Ստրասբուրգի դատարանը, քննելով այս դրվագը, կարող է արձանագրել այդ խախտումը:
«Ակնհայտ է, որ խոսքը գերեվարված կամ պատանդ վերցված մեկ անձի՝ մյուսի դեմ ցուցմունք տալու մասին է, եւ ողջամիտ կասկածից վեր է, որ այս անձինք ենթարկվել են այնպիսի կտտանքների եւ այնպիսի ռեպրեսիաների, որ ստիպված են եղել ասել այն, ինչ իրենց պարտադրված է եղել»,- ընդգծել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը:
Լիպարիտ Դրմեյանը շեշտել է, որ Վիգեն Էուլջեքյանի գործով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե պատերազմի ժամանակ հայկական կողմը եւս վարձկաններ է ունեցել։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ Էուլջեքյանը, ի տարբերություն վարձկանության համար Հայաստանում ցմահ դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիների, Հայաստանի քաղաքացի է, էթնիկ հայ:
Այս պահին ադրբեջանական դատարաններում են նաեւ պատերազմի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի, ինչպես նաեւ հակամարտության ավարտից՝ եռակողմ հայտարարությունից հետո այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ եւ Հին թաղեր հատվածներից գերեվարված 40 պահեստազորայինների գործերը: