Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դարձյալ հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը։
Ամբաստանյալներից դատական նիստին ներկայացել էր միայն ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, փաստաբաններից` նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը դիմում էին ներկայացրել, որ մասնակցում են քարոզարշավի ու չեն կարող ներկայանալ դատարան, պաշտպաններից Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի, իսկ Արամ Օրբելյանը մեկ այլ գործով դատական նիստ ունի։
Մեղադրող դատախազներն արձանագրեցին, որ այդ բացակայություններն անհարգալից վերաբերմունք են դատարանի նկատմամբ։
Պաշտպան Օրբելյանը միջնորդեց կասեցնել քրեական գործի վարույթը՝ հաշվի առնելով, որ մեղադրվող անձինք պատգամավորի թեկնածու են եւ կարող են պատգամավորական անձեռնմխելիություն ստանալ: Պաշտպանական կողմի բացակայության պատճառով միջնորդությունը չքննարկվեց:
Հաշվի առնելով, որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին, ընտրությունների պաշտոնական արդյունքները կարող են դեռեւս հայտնի չլինել, դատարանը հետաձգեց նիստը մինչեւ հունիսի 29-ը՝ պատճառաբանությամբ, որ այդ ժամանակ պարզ կլինի, թե ամբաստանյալներն ինչ կարգավիճակ կունենան։