Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման նպատակով Բելգիա մեկնելուց առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման Թուրքիայի համար շատ ցավոտ գործընթաց է, եւ իրենք չեն կարող այդ հարցն անտեսել ու օրակարգ չբերել, որովհետեւ Թուրքիան պատահական երկիր չէ:
Էրդողանը նաեւ հույս էր հայտնել, որ Բայդենի հետ իր հանդիպումը մոռացության կմատնի ապրիլի 24-ի թեման։
ԱՄՆ նախագահի հետ շուրջ 90 րոպե տեւած հանդիպումից հետո, սակայն, Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թեմային որեւէ անդրադարձ չի եղել: «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի ընդգրկվել»,- շեշտել էր Էրդողանը։
Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում եւ ընդդիմադիր քաղաքական շրջանակներում:
Ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խիստ կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը՝ վերջինիս մեղադրելով անհամարձակ լինելու մեջ:
Դավութօղլուն նշել է, որ Էրդողանին ուղղված Թրամփի՝ «Հիմար մի՛ եղիր» նամակից հետո Թուրքիայում հերթական անգամ հիասթափվել են:
Թուրքիայի նախկին արտգործնախարարը հավելել է, որ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ «Փառք Աստծո, այդ հարցն օրակարգ չի ընդգրկվել» արտահայտությունն անզորության նշան է:
«Այդ արտահայտությունն արտացոլում է քաջությունը քողարկելու անընդունակ պասիվ ենթագիտակցությունը»,- գրել է Դավութօղլուն:
Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության հարցը Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ անպայման օրակարգ պետք է ընդգրկվեր, եւ Բայդենին անհրաժեշտ պատասխան պետք է տրվեր: