Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձին ընդառաջ Փhենյանին հորդորել է վերականգնել Սեուլի հետ երկխոսությունը:
«Ես անկեղծորեն ձեզ խնդրում եմ վերադառնալ երկխոսության եւ հաշտության սեղանի շուրջը, որպեսզի խաղաղության ժամացույցը Կորեական թերակղզում կրկին առաջ շարժվի»,- հայտարարել է վարչապետը առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Կիմ Բու Գեմը դիմել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ Փhենյանի բարձր պաշտոնատար անձանց:
Առաջին միջկորեական գագաթնաժողովը 2000-ի հունիսի 13-15-ին տեղի է ունեցել նախագահ Կիմ Դե Չժունի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի միջեւ, եւ ամեն տարի հունիսի 15-ին նշում են այդ իրադարձությունը:
Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունները փակուղի են մտել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի՝ 2018-ի գագաթնաժողովից եւ միջուկազերծման գործընթացի կասեցումից հետո: Գագաթնաժողովում կողմերը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն անվտանգության երաշխիքներ է տրամադրում Փհենյանի ռեժիմին, իսկ Կիմ Չեն Ընը իր հերթին վերահաստատում է հավատարմությունը «Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման գաղափարին»:
2020-ի ամռանը միջկորեական հարաբերությունները սրվեցին Հարավային Կորեայի հակափհենյանական ակտիվիստների կողմից Հյուսիսի տարածք քարոզչական թռուցիկներ եւ նյութեր ուղարկելու պատճառով: Պայթեցվեցին միջկորեական ռազմական թեժ գծերը, ինչպես նաեւ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունների միջեւ կապի հատուկ գիծը:
ԿԺԴՀ-ն իր հերթին պայթեցրեց Կեսոնում կապի միջկորեական գրասենյակը: Այդ ժամանակից Հյուսիսային Կորեան չի արձագանքում Սեուլի եւ Վաշինգտոնի՝ երկխոսության վերսկսմանն ուղղված կոչերին:
2020-ի սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահը եւ Կիմ Չեն Ընը նամակներ են փոխանակել:
Փհենյանը պաշտոնապես չի արձագանքել մայիսի վերջին Վաշինգտոնում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ նախագահների բանակցությունների արդյունքներին: