Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին հունիսի 15-ին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։
ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության եւ տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին։ Նա արդյունավետ է համարել ՊԱՀՀ-ի գործունեությունը։
Համալսարանի ղեկավար գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը անչափ կարեւորել է դեսպան Թրեյսիի այցը ՊԱՀՀ եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը բացվել է 2016-ի հունվարի 28-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմքի վրա: Երեւանի Զեյթուն թաղամասում գործող համալսարանը կատարում է տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբերանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաեւ կիբերթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով հետազոտություններ:
ՊԱՀՀ-ը գիտակրթական սերտ կապեր է հաստատել անվտանգային քաղաքագիտության ոլորտում աշխարհի առաջատար կենտրոնների` ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի եւ Հարվարդի համալսարանի Սեւծովյան անվտանգության ծրագրի, Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի եւ ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայի, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիայի, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի, Լիոնի «Ժան Մուլեն» համալսարանի, բրիտանական «Չատեմ Հաուզի», Իսրայելի` Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի եւ Երուսաղեմի համալսարանի, Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի եւ այլ հաստատությունների հետ։