Արտահերթ ընտրությունների առթիվ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը հունիսի 14-ի տվյալներով նախընտրական շրջանի հետ կապված ստացել եւ ուսումնասիրել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 138 հաղորդում եւ ահազանգ:
Իրավախախտումներից 86-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 24-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, 19-ը այլ բնույթի է:
138 հաղորդումներից 42-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Դրանցից 10-ով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է ընդունվել, 26-ով՝ նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ են: Նշվածներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: