Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքները սահմանված են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով։ Ըստ այս օրենքի՝ սպառողն իրավունք ունի տեղյակ լինելու ապրանքի անվտանգության, որակի, արտադրողի մասին եւ այլն։ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը համակարգ է, որի նպատակն է կարգավորել սպառողի ու տնտեսվարողի իրավահարաբերությունները։ Այն կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք պայմանավորված են սպառողի ու տնտեսվարողի հարաբերություններից իրավահարաբերությունների անցման ու դրանց կարգավորումների հսկմամբ»,- ասում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Ըստ նրա՝ իրավունքների խախտման դեպքում տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ են գործում։ Որոշ երկրներ սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեներ ունեն, ու երբ քաղաքացիների իրավունքները խախտվում են, նրանք կարող են առաջին հերթին հենց այդ կոմիտեներին դիմել։ Հայաստանում իրենց իրավունքների խախտման դեպքում սպառողները կարող են դիմել պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին կամ էլ դատարան։ Հասարակական կազմակերպություններին դիմելու դեպքում վերջիններս քաղաքացիներին ուղղորդում են դեպի պետական կառույցներ, կամ հենց իրենք են հարցը կարգավորում։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահն ասում է՝ Հայաստանում սպառողներն այնքան շատ խնդիրների կարող են բախվել, եւ ժամանակի ընթացքում դրանք այնքան արագ են փոխվում, որ հնարավոր չէ հստակ խնդիրների ցանկ նշել։
«Օրինակ՝ անցած տարի մենք մահվան դեպքեր ունեցանք, այս տարի՝ թունավորման։ Սրանք այնքան խոր խնդիրներ են, որ ճիշտ չի լինի դրանց կողքին դիտարկել, օրինակ, ապրանքի վերադարձի կամ փոխանակման հարցը։ Մենք սահմանում ենք սպառողի իրավունքները, բայց չենք ասում, թե դրանցից որոնք են իրար հանդեպ գերադաս կամ ստորադաս։ Այդ գերադասության ու ստորադասության հարցն էլ թողնում ենք, որ բարոյական դաշտում կարգավորվի, ինչն իր հերթին նոր խնդիրներ է առաջացնում, որովհետեւ մեկը կարող է կարեւորել անվտանգության իրավունքը, մյուսը՝ պայմանական ընտրության իրավունքը։ Մենք կարող ենք առաջարկել զերծ մնալ հորմոնալ սննդից՝ հույս չդնելով միայն սպառողի գիտակցության վրա, մյուսն էլ կարող է հակաճառել՝ ասելով, որ սպառողին ընտրության հնարավորություն պիտի տանք։ Պետությունն էլ մատների արանքով է նայում այս ամենին»,- ասում է պարոն Պիպոյանը։
Այնուամենայնիվ, անիմաստ է խոսել որակի կամ այլ իրավունքների մասին, եթե չի պահվում անվտանգության իրավունքը։ Միեւնույն ժամանակ, եթե անվտանգության իրավունքը չի ապահովվում, չեն ապահովվի նաեւ որակի եւ մյուս իրավունքները։
Սպառողներից հաճախ կարելի է լսել, որ ժամկետանց սննդի պարագայում փոխում են միայն ժամկետի պիտակը ու սնունդն էլի վաճառում են։ «Եթե փաթեթավորված սննդի դեպքում սպառողը կարող է հասկանալ՝ ժամկետը փոխվա՞ծ է, թե՞ ոչ, ապա դեղատնից մեկ հատիկ դեղ գնելիս մենք նայո՞ւմ ենք տուփի վրա գրված պիտանիության ժամկետին, կոսմետիկ միջոցներ, ատամի մածուկ գնելիս նայո՞ւմ ենք դրանց անվտանգությանն ու ժամկետին։ Հիմնականում ո՛չ, բայց խնդիրներ, իհարկե, ամենուրեք էլ կան։ Պարզապես մարդիկ մի բանի մասին ավելի շատ են լսում, մյուսի մասին՝ ավելի քիչ, բայց այդ լսելը պայմանավորված է նրանով, որ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։
Հայաստանում մեծագույն խնդիրն է այն, որ նորմը սահմանված է, սակայն նորմը խախտելու դեպքում կիրառվող պատժամիջոցը սահմանված չէ, հետեւաբար չկա պատժամիջոցը կիրառող մարմին։ Խախտված իրավունքը սպառողը կարող է վերականգնել դատական կարգով։ Սպառողների իրավունքների խախտման մեկ այլ օրինակ է ապրանքի վերադարձի կամ փոխանակման հարցը, ինչը եւս հիմնովին կարգավորված չէ։
Հետպատերազմյան շրջանում Հայաստանում բուռն քննարկումների առարկա դարձան թուրքական ապրանքները։ ՀՀ Կառավարության որոշմամբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտավ թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա ժամանակավոր արգելքը։ Շատ սպառողներ նշում են, որ իրականում կան խանութներ, որտեղ հայկական արադրանքի անվան տակ Made in Turkey մակնշմամբ ապրանքներ են։ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ սա եւս սպառողների իրավունքների խախտում է։
«Սա սպառողների մոլորեցման վառ օրինակ է։ Այսպիսի իրավիճակներ ստեղծվում են, քանի որ պարենային կամ ոչ պարենային ապրանքի լուրջ, մեծածավալ ուսումնասիրություններ չեն լինում, չեն հետեւում՝ արդյո՞ք դեղատներում բոլոր դեղերը գրանցված են ու ժամկետի մեջ, գների մշտադիտարկում չի լինում։ Երբ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում, զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների տեղային ուսումնասիրությունները մասշտաբային ազդեցություն չեն գործում։ Դրանց միջոցով կարող է ընկնել խախտում արած տնտեսվարողի վարկանիշը, բայց դա հարցի ընդհանրական լուծում չէ»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։ Նա եզրափակում է՝ շատ քիչ խնդիրներ կան, որոնց դեմ գործիքներ չկան սահմանված, սակայն հարցը այդ գործիքների կիրառումն է։