Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Շուշիի հռչակագիր» կոչվող փաստաթուղթը ստորագրելուց հետո Ալիեւը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագրում» հղում է կատարվում 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։
Էրդողանն էլ հայտնել է, որ ամենասեղմ ժամկետում Շուշիում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։
Շուշիում ստորագրված հռչակագրում մասնավորապես ասված է․
«Կողմերը, բազմակողմանիորեն ուսումնասիրելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարները, հայտարարում են․
-Ադրբեջանը բարձր է գնահատում աջակցությունը, որը Թուրքիան ցուցաբերել է Հայաստանի 30-ամյա բռնազավթմանը վերջ տալու եւ տարածքների ազատագրման հարցում։
-Կողմերը շեշտում են, որ կարեւոր է Թուրքիայի մասնակցությունը ազատագրված տարածքներում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը:
-Կողմերը միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերելու, եթե որեւէ երրորդ երկիր սպառնա կամ հարձակում իրականացնի կողմերից մեկի անկախության կամ տարածքային ամբողջականության նկատմամբ»։
«Շուշիի հռչակագրում» նշվել է, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի «անհիմն պնդումները», պատմությունը խեղաթյուրելուն ուղղված նախաձեռնությունները վնասում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:
«Թուրքիան ու Ադրբեջանը միացնող Զանգեզուրի միջանցքի բացումը եւ Նախիջեւան-Կարս երկաթուղին կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը»,- ասված է հռչակագրում:
Հռչակագրում ընդգծված է, որ կողմերի Անվտանգության խորհուրդները ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ կանոնավոր կերպով համատեղ նիստեր կանցկացնեն: