Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է հրապարակվել:
Ըստ ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությամբ ու կայունությամբ, վճռական են տրամադրված ԵՄ արեւելյան գործընկերների ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության հարցում եւ կաջակցեն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի բարեփոխումներին:
«Մենք մտադիր ենք աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ուղղությամբ»,- նշված է փաստաթղթում:
Վաշինգտոնը եւ Բրյուսելը հայտարարել են նաեւ, որ կանգնած են Բելառուսի ժողովրդի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նկատմամբ նրանց պահանջների կողքին՝ խոստանալով պայքարել Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ԵՄ ուղեւորատար օդանավի աննախադեպ եւ անընդունելի հարկադիր վայրէջքի միջոցով լրագրողի ազատազրկման դեմ:
Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին ու Արեւելամիջերկրածովյան թուրք-հունական լարվածությանը:
«Միջերկրական ծովում դիրքորոշումների տարբերությունները պետք է հարթել կառուցողական երկխոսության եւ միջազգային իրավունքի հիման վրա: Միջերկրականում լարվածությունը շարունակական կերպով թուլացնելու համար պատրաստ ենք ձեռք-ձեռքի տված աշխատել»,- ասված է հայտարարությունում:
Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ նշվել է, որ ժողովրդավարության ձգտող Թուրքիայի հետ համագործակցության եւ փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների նպատակ ունեն: