Իրանի նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի խորհրդարանի 290 պատգամավորներից 210-ը դիմել է ընտրապայքարում ներգրավված պահպանողական թեկնածուներին՝ նրանց հորդորելով ինքնաբացարկ հայտարարել եւ իրենց կողմնակիցներին կոչ անել քվեարկելու նախագահի թեկնածու, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի օգտին։
«Այսօր, երբ հանրային տրամադրությունները վկայում են, որ Ռայիսիին աջակցողների թիվն աճում է, հարկավոր է անել հնարավորը ուժեղ կառավարություն ձեւավորելու համար։ Այդ ուղղությամբ արված առաջին քայլը կլինի Ռայիսիին ցուցաբերված աջակցությունը»,- նշված է իրանցի խորհրդարանականների հայտարարության մեջ։
Ուղերձը հասցեագրված է Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզայիին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլիին, Մեջլիսի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմիին եւ երկրի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռեզա Զաքանիին:
Ռայիսիի գլխավոր հակառակորդը բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին է։ Այսօր նրա օգտին ինքնաբացարկ է հայտարարել մեկ այլ բարեփոխական գործիչ՝ ԿԲ նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն։ Ըստ վերջին հարցումների՝ Մեհրալիզադեի վարկանիշը չէր գերազանցում 1 տոկոսը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Քում քաղաքից Իրանի Մեջլիսի պատգամավոր եւ երկրի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռեզա Զաքանին հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հօգուտ Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանելու մասին: