Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ դեղաչափի պատվաստում ստացած բնակիչների թվի՝ 70 տոկոսի շեմը հատելուց հետո որոշում է ընդունել հակահամավարակային սահմանափակումների վերացման մասին։
ԱՄՆ խոշորագույն մեգապոլիս Նյու Յորքում եւ համանուն նահանգում այսօր կեսգիշերից վերացվել է հակահամավարակային սահմանափակումների մեծ մասը։
Սահմանափակումներից «ազատումը» քաղաքում դիմավորել են հրավառությամբ եւ տոնախմբություններով, Մանհեթենի հայտնի շինությունները, որոնց թվում նաև «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» երկնաքերը, լուսավորվել են Նյու Յորքի նահանգային դրոշի գույներով։
Նահանգային իշխանությունների կողմից ընդունված նոր կանոններով՝ պատվաստված քաղաքացիները ազատվում են հանրային վայրերում դիմակ դնելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադիր պահանջից։