Միջազգային զանգվածային լրատվամիջոցները լայնորեն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկուշաբթի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը։
Բրիտանական Reuters գործակալությունը նշել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց ի վեր առաջին անգամ տեղի ունեցած հանդիպումը թեեւ անցել է դրական մթնոլորտում, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում լուրջ տարաձայնությունների հանգուցալուծման համար որեւէ առաջընթաց չի ապահովել։
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը Էրդողան-Բայդեն հանդիպումը բնութագրել է իբրեւ «Լիբիայից մինչեւ Սիրիա եւ Աֆղանստան շրջանակում անվտանգության շահերից բխող ընդհանուր հիմքերի որոնման եւ խաթարված հարաբերությունների վերականգնման փորձ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ»:
Արաբական Al Jazeera-ն մեջբերել է Էրդողանի խոսքերը, ըստ որոնց՝ հանդիպումն անցել է արդյունավետ եւ անկեղծ մթնոլորտում: Al Jazeera-ն հիշեցրել է նաեւ, որ Էրդողանն ու Բայդենը արդեն երկար տարիներ ճանաչում են միմյանց, այդուհանդերձ, նրանց հարաբերություններում հաճախակի խնդիրներ են ծագում։
Euronews գործակալությունն իր հերթին ընդգծել է Էրդողանի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Միեւնույն ժամանակ Euronews-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք-ամերիկյան լարվածության հիմնական պատճառներից մեկի՝ S-400 ՀՕՊ համակարգերին առնչվող տարաձայնությունների լուծման առումով Էրդողան-Բայդեն հանդիպումն առանձնապես հույսեր չի ներշնչում։