ՌԴ առողջապահության նախարարության, «Ռոսպոտրեբնադզոր»-ի եւ «Ռոստուրիզմ»-ի ներկայացուցիչները կայցելեն Թուրքիա՝ կորոնավիրուսային համավարակաբանական իրադրությունը, ավիահաղորդակցությունը եւ թուրքական առողջարաններ ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը վերականգնելու հնարավորությունները գնահատելու համար:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այցից հետո որոշումներ կընդունվեն ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորության եւ տուրիստական ծառայություններ ցուցաբերելու վերաբերյալ։ Ավիաչվերթների եւ զբոսաշրջության վերականգնման հարցը կլուծվի օպերատիվ շտաբի կողմից հաստատված սանիտարա-համաճարակաբանական իրադրության գնահատման չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանում եւ Թուրքիայում հիվանդացության մակարդակը։
Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 21-ը ներառյալ Թուրքիայում կորոնավիրուսային համաճարակաբանական իրադրության պատճառով սահմանափակումներ է մտցրել ավիահաղորդակցության ոլորտում։