Ժնեւում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց հայ եւ շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի անդամներ հավաքվել են La Grange առանձնատան դիմացի հրապարակում եւ գերտերությունների ղեկավարներին հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի եւ Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան եւ նրանցից պահանջել գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին եւ նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերին:
Ցուցարարները խոսել են Արցախյան վերջին պատերազմի արհավիրքների մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային եւ մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսեւորել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի ժողովրդի հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Դրա վկայությունն է մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցումը:
Ժնևում մեկնարկած բանակցությունները նեղ և ընդլայնված կազմով են, ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ: Նեղ կազմով հանդիպմանը ներկա են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բանակցությունները կտեւեն 4-5 ժամ:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենի հետ հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:
Նա Բայդենին շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: «Ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են շատ հարցեր, որոնք բարձր մակարդակով քննարկում են պահանջում»,- ընդգծել է Պուտինը: