Ժնեւում ավարտվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Ընդհանուր առմամբ 4,5 ժամ տեւած հանդիպումը եղել է նախ նեղ շրջանակով, այնուհետեւ՝ ընդլայնված: Առանձին հանդիպում Պուտինն ու Բայդենը չեն ունեցել:
Գագաթնաժողովից առաջ Պուտինը կարճ շփվել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարլեմենի հետ, այնուհետեւ երեք երկրների ղեկավարները միասին լուսանկարվել են:
Վլադիմիր Պուտինը հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ բանակցությունները լավ են անցել: Ռուսաստանի նախագահը նշել է, որ ոչ մի թշնամանք չի եղել, բայց սկզբունքներից հետ չեն կանգնել։
«Ես համարում եմ, որ հանդիպումը կառուցողական էր, երկու կողմն էլ միմյանց հասկանալու եւ դիրքորոշումների մերձեցման ուղիներ փնտրելու ցանկություն է դրսեւորել»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկել է ռազմավարական կայունությունը, առեւտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:
«Բոլորին մոտավորապես հայտնի են թեմաները. ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո՛, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին»,- ասել է Պուտինը:
Ուկրաինայի հարցով, ըստ ՌԴ նախագահի, Բայդենը համաձայնել է, որ կարգավորման հիմքում պետք է լինեն Մինսկի համաձայնագրությունները: Թռուցիկ շոշափվել է նաեւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության թեման։
Ալեքսանդր Նավալնիի առումով Պուտինը կրկնել է, որ Նավալնին գիտակցաբար խախտել է օրենքը՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է զգուշությամբ վերաբերվի ընդդիմությանը, բայց գործելու է օրենքի շրջանակում։
«Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ Բայդենը փորձառու մարդ է։ Մենք գրեթե երկու ժամ դեմառդեմ խոսեցինք։ Ոչ բոլոր առաջնորդների միջեւ է այդպես մանրամասն խոսակցություն ընթանում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Ժնեւում ռուս-ամերիկյան գագաթնաժողովն առաջինն է Բայդենի՝ այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից, ինչպես նաեւ 2018-ից ի վեր, երբ Պուտինը Հելսինկիում բանակցություններ վարեց ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: