Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հունիսի 16-ին գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան հրեական պետության տարածք հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման:
«Անցած օրը Գազայի հատվածից Իսրայելի տարածք են արձակվել բազաթիվ օդապարիկեր՝ ամրացված պայթանյութով եւ հրկիզող նյութերով՝ հրկիզումների նպատակով: Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ահաբեկիչների կողմից»,- ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, ներառյալ մարտական գործողությունների վերսկսման, ի պատասխան Գազայի հատվածից շարունակվող ահաբեկչական գործողությունների»,- ընդգծել են բանակային մամուլի ծառայությունում:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանը նշել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գրոհը առաջինն է մայիսի 21-ին հրադադարի շուրջը համաձայնության ուժի մեջ մտնելու պահից ի վեր: Ըստ ռադիոկայանի՝ հունիսի 15-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք են արձակվել պայթուցիկ եւ հրկիզող նյութերով տասնյակ օդապարիկներ, ինչի հետեւանքով Գազային հարող շրջաններում շուրջ երկու տասնյակ խոշոր տափաստանային հրդեհ է բռնկվել: