Փաշինյանը վերադարձել է 2018-ի ապրիլ-մայիս։ Նույն հուզական վիճակն է: Նույն խոսքն է ու նույն խոստումները։ Այն ժամանակ՝ 2018-ին, երբ իշխանություն ձեռք գցելու խնդիրն էր լուծում, մարդիկ հավատացին նրան, աջակցեցին, ու նա հաջողեց։
Վճռորոշը նախկիններին մերժելու պարագան էր։ Նրանք հասել էին մի սահմանի, որից այս կողմ լինել չէին կարող։ Պետք է մերժվեին ու մերժվեցին։ Փաշինյանն օգտվեց այդ հնարավորությունից։ Այսօր արդեն ձեռք գցած իշխանությունն է փորձում պահպանել։
Երբեմնի համաժողովրդական աջակցությունը չկա։ Հույսը ծնկի իջնող, ձեռքեր համբուրող, ոտքերի տակ գառ մորթող զանգվածն է։ Սրանց հետ հեշտ է։ Մարդու այս տեսակը հավատում է ոչ թե տեսածին ու ապրածին, այլ իր լսածին։ Տեսածով ու ապրածով առաջնորդվելը բարդ է։ Պետք է համադրել, պետք է վերլուծել, պատճառաբանել է պետք ու բացատրություններ գտնել։ Նման վերլուծությունը ցավ է պատճառում։ Հաճախ սեփական մոլորություններն ու սխալներն է ի ցույց դնում։ Լսածն ընդունելը՝ առանց խորանալու դրանով առաջնորդվելը հեշտացնում է կյանքը։
Հաճելի է, երբ հավատացնում են քեզ, որ դու կարեւոր ես, որ դու ես վճռում։ Հաճելի է, երբ տեսնում ես, որ իշխանավորը նման է քեզ, քո բառապաշարն է օգտագործում, քեզ պես է մտածում ու քո ցանկություններն է արտահայտում։ Ականջ շոյող խոստումներ լսելը հաճելի է։ Վստահի՛ր նրան, ու նա քեզ քո ցանկալի հանգրվան կտանի, քո բոլոր ցանկությունները կյանքի կկոչի, եւ դու երջանիկ կապրես։
Իսկ ինչո՞ւ մինչեւ այսօր քեզ քո երազած հանգրվան չի հասցրել։ Շատ պարզ պատճառով՝ խանգարել են նախկինները։ Այ, հիմա, եթե մեկ անգամ եւս վստահեք նրան, նախկինների հարցերը կլուծի, ձեզ էլ տեղ կհասցնի։
Տարիների աղքատությունից ու արհամարհանքից շուրջը նայելու, սեփական շահն ընկալելու կարողությունը կորցրած մարդիկ այս հավատով են իրենց գյուղերի ու ավանների հրապարակներ գալիս։ Գալիս են, որ հանդիպեն «մեր վարչապետին», որ լսեն այն, ինչ ցանկանում են լսել։
Նրանց դառը ճշմարտությունը եւ դառն իրականությունը չեն հետաքրքրում։ Առանց այն էլ դառնության մեջ են։ Ականջ շոյող խոստումներ են պետք նրանց։ Ցանկանում են լսել, թե ինչպես է թալանչիներին ծեփելու պատերին ու ասֆալտին փռելու։ Ինչպես է «կադրային ջարդուփշուր» անելու, ինչպես է անձամբ «բոլորին հատ-հատ վզներից բռնած դուրս շպրտելու պետական կառավարման համակարգից»։ Իրենց չքավորության ու դժբախտությունների պատճառը, վստահ են, հենց այդ թալանչիներն են, եւ նրանց ասֆալտին փռված ու պատերին ծեփված տեսնելը բաղձանք է։
Ավարտված ամբոխավար Փաշինյանի հաշվարկի հիմքում այս զանգվածի պարզունակությունն է ու միամտությունը։
Հոգ չէ, որ ստում ես։ Հոգ չէ, որ ոչ մի խոստում էլ չես կատարելու։ Նույն խոստումները երեք տարի առաջ ես հնչեցրել ու ոչինչ չես արել։ Իշխանություն է պետք՝ օդի ու ջրի պես։ Եթե երեկ այն պետք էր պլեբեյի քո ինքնասիրությունը շոյելու համար, ապա այսօր անձնական անվտանգության խնդիրն է դրան գումարվում։
Իշխանությունն ապահովություն է։
Անպատկերացնելի մեծ բեռի տակ ես մտել։ Խոսքը բոլորովին էլ տված ու չկատարած խոստումների մասին չէ։ Խոսքը չփոխված արդարադատության համակարգի մասին չէ։ Չփոխված Սահմանադրության ու ծիծաղելի Սահմանադրական դատարանի մասին չէ։ Խոսքը մերժված իշխանական համակարգի մասին չէ, որի մեջ տեղավորվել ես հարմարավետ։
Խոսքը պատերազմի, պարտության, անդառնալի կորուստների մասին է։ Խոսքը մեր անպաշտպան սահմանների մասին է։ Խոսքը գերիների, զոհերի ու խեղված երիտասարդների մասին է։ Նրանց առկայության պարագայում այնպիսի անհոգությամբ ես գյուղեգյուղ պտտվում, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Կարծես այս ամենը հեռավոր Աֆրիկայի մեզ անհայտ մի անկյունում է տեղի ունեցել/ունենում։
Այս անդառնալի կորուստների մասին հնչող հարցերին դու պետք է պատասխանես։ Քանի ամիս է՝ խուսափում ես։ Իշխանությունը խուսափելու հնարավորություն է ընձեռում։ Չլինի իշխանությունը, ստիպված ես լինելու։ Հասկանում ես սա եւ իշխանությունից զրկվել ոչ մի կերպ չես ցանկանում։ Ամեն ինչ անում ես, անելու ես, որ չգա պատասխանի օրը։
Չգիտես, սակայն, այդ օրը, ինչ էլ անես, գալու է։ Անպայման։ Դրանից ոչ ոք դեռ չի խուսափել։ Դու բացառություն լինել չես կարող։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։