Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ էր դրել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը հասանելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծի անհրաժեշտության հիմնավորման մեջ կարեւորվում է ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում հիդրոէներգետիկայի դերի կարեւորությունը, միաժամանակ պատճառաբանվում, որ բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանման գոտիները նկարագրական ձեւով են սահմանված, եւ ներկայում քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են։
Օրենքի նախագիծը կապահովի ԲՀՊՏ-ների արժեհամակարգի պահպանությունը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը: Նաեւ նշված է, թե փոքր հիդրոէլեկտրակայանները (ՓՀԷԿ) շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում:
Եվ սա այն դեպքում, երբ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնող խումբը, «ԷկոԼուր» տեղեկատվական եւ այլ ՀԿ-ներ բազմիցս են հիմնավոր փաստարկներ ներկայացրել Հայաստանում ՓՀԷԿ-երի կառուցման ու շահագործման ոլորտում առկա բացերի ու Հայաստանի շրջակա միջավայրին, հատկապես բնական էկոհամակարգերին ու գետերի հարակից համայնքներին ՓՀԷԿ-երի պատճառով հասցվող վնասների մասին:
Հունիսի 2-ին ՇՄ նախարարին կից հասարակական խորհրդի ջրային ոլորտի աշխատանքային խմբի անդամները քննարկել էին նախագիծն ու նամակով դիմել նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին՝ միաժամանակ պատճեններն ուղարկելով ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանին եւ ԱԺ-ի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին:
Նրանք առաջարկել էին ԱԺ քննարկմանը չներկայացնել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ պատճառաբանելով, որ «ջրային օրենսգրքի առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում ԲՀՊՏ-ների բուֆերային գոտում փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարող է վտանգել ամբողջ տարածքի էկոհամակարգի կայունությունը, բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությունը, քանի որ փոքր ՀԷԿ-երի կառուցման դեպքում խախտվելու է տեղի լանդշաֆտը, խողովակաշարերի անցկացման դեպքում հնարավոր են ծառահատումներ եւ սողանքային երեւույթների ակտիվացում»:
Մասնագիտացված ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկել էին նաեւ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածում լրացում կատարել եւ մերժել ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը ոչ միայն ԲՀՊՏ-ների պահպանման գոտիներում, այլեւ ԲՀՊՏ-ներում ընդհանրապես, իսկ ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտի զարգացումը խթանել՝ օգտագործելով այլընտրանքային էներգիայի այլ աղբյուրները (արեւ, հողմ):
Ինչպես հեռախոսով տեղեկացանք ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանից, Կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել ԲՀՊՏ-ների պահպանման գոտիներում փոքր ՀԷԿ-երի կառուցումը թույլատրող օրինագծի նախագիծը:
ՇՄ նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից էլ տեղեկացանք, որ այն հետագայում ավելի լայն հանրային քննարկման կդրվի, այդ թվում՝ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ, կլրամշակվի, ու նոր միայն փաթեթը կներկայացվի ԱԺ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։