ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմավարական կայունության թեմայով համալիր երկխոսություն սկսելու վերաբերյալ։
«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, նշում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության ժամանակ նրանք կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի նվազեցման եւ միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման համատեղ նպատակների իրականացման գործում»,- նշված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվել է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վերջին երկարաձգումը վկայում է միջուկային սպառազինությունների նկատմամբ կողմերի հանձնառության մասին: «Այսօր մենք վերահաստատում ենք հավատարմությունը այն սկզբունքին, ըստ որի՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է փաստաթղթում։
Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ ժամանակներս համատեղ երկկողմ երկխոսություն կսկսեն ռազմավարական կայունության շուրջ, որը կլինի առարկայական եւ եռանդուն: Նման երկխոսության միջոցով կողմերը ձգտում են հիմք դնելու սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության եւ ռիսկերի նվազեցման միջոցառումների:
Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի ժնեւյան հանդիպման ժամանակ ընդունվել է միայն այս փաստաթուղթը՝ առաջնորդների համատեղ հայտարարությունը: